Բաքուն քննադատել է Թրամփին
ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին։ Այդ մասին, ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նույն գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակը «կարմիր գիծ» է իսլամական աշխարհի համար:
«Այսօր մենք չափազանց կարևոր նիստ անցկացրինք պաղեստինցիներին աջակցության և Իսրայելին ազդանշանի տեսանկյունից: Մեր որոշման մեջ ընդգծվում է, որ Երուսաղեմը մեր «կարմիր գիծն» է: Մենք չենք ճանաչում ԱՄՆ-ի որոշումը՝ այնտեղ դեսպանատունը տեղափոխելու մասին, ամերիկյան քաղաքականությունն է՛լ ավելի է սադրում Իսրայելին»,- ասել է Էրդողանը:
Մայիսի 14-ին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 62 մարդ է զոհվել։