Մակրոն. ԵՄ-ի գագաթաժողովը որոշեց պաշտպանել Իրանի հետ կնքված գործարքը
ԵՄ-ի գագաթաժողովի մասնակիցները որոշում են ընդունել պաշտպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը և եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ժամանելով Սոֆիա՝ մասնակցելու ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթաժողովին:
ԵՄ-ի երկրների ղեկավարները չորեքշաբթի աշխատանքային ընթրիքի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը:
«Մենք բովանդակալից քննարկում ունեցանք Իրանի շուրջ: 2015 թվականի միջուկային համաձայնագիրը խաղաղության ու անվտանգության կարևոր բաղադրիչ է տարածաշրջանում, և մենք որոշել են այն պաշտպանել՝ ինչպիսին էլ որ լինի ԱՄՆ-ի որոշումը: Մենք խոստացել ենք ձեռնարկել քաղաքական միջոցներ, որոնք մեր ձեռնարկություններին թույլ կտան մնալ Իրանում», - ասել է նա:
Ֆրանսիայի նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Իրանի հետ միջուկային գործարքն անհրաժեշտ է լրացնել և ընդլայնել, որպեսզի այն ներառի հրթիռային խնդրի լուծման ուղիները և տարածաշրջանում Իրանի դերին վերաբերող հարցերը։