Բրիտանական փաստաբանական ընկերությունն Ալիևի դստրերի օֆշորային ընկերության առնչությամբ կարգապահական տրիբունալի առաջ կկանգնի
Լոնդոնի Child & Child փաստաբանական ընկերությունը, որն օֆշորային ընկերություն է գրանցել Ադրբեջանի նախագահի դստրերի համար, փաստաբանների կարգապահական տրիբունալի առաջ կկանգնի՝ բազմաթիվ թերությունների՝ այդ թվում «փողերի լվացման զգալի վտանգը» չնկատելու մեղադրանքների համար: Այդ մասին գրում է The Guardian-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, Բրիտանական Վիրջինյան կղզիներում «Exaltation Limited» անվանումով գաղտնի օֆշորային ընկերություն են հիմնել՝ Մեծ Բրիտանիայում իրենց բազմամիլիոնանոց սեփականությունը կառավարելու համար:
Օֆշորային ընկերության մասին տվյալներն ի հայտ են եկել 2016 թվականի ապրիլին «Պանամական փաստաթղթեր» անվանումը ստացած 11.5 միլիոն փաստաթղթերի արտահոսքի շրջանակում:
Լոնդոնյան փաստաբանական ընկերությունն օֆշորային ընկերությունը գրանցելու ընթացքում պնդել է, որ Ալիևաները ոչ մի քաղաքական կապեր չունեն:
Փաստաբանների կարգավորիչ մարմինը երկուշաբթի հայտարարել է, որ փաստաբանների կարգապահական տրիբունալի ուշադրությունն է հրավիրել ընկերության ղեկավար Խալիդ Շարիֆի ուղղությամբ: Այս տարվա ընթացքում նախատեսվում է լսումներ կազմակերպել մեղադրանքների առնչությամբ, որոնց ժամանակ Շարիֆը պետք է ներկայացնի իր վկայությունները:
Հաղորդվում է, որ Փաստաբանների կարգավորիչ մարմինն առաջին անգամ է, որ գործողություն է ձեռնարկել «Պանամական փաստաթղթերում» ներգրավված ընկերության նկատմամբ: