Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթը անցել է Ուկրաինայի եւ Սիրիայի մասին կարգախոսների ներքո
2015 թվականի փետրվարի 27-ին սպանված Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված երթը դարձավ տարվա խոշորագույն բողոքի ակցիան։ Բացի ավանդական կարգախոսներից, երթի մասնակիցները պահանջում էին դուրս բերել ռուսական զորքերը Սիրիայից եւ ազատել ուկրաինացի քաղբանտարկյալներին։
Ընդհանուր առմամբ, մասնակիցների հոսքը դեպի Պուշկինյան պուրակ, որտեղից պետք է մեկնարկեր երթը, գրեթե առանց միջադեպերի է ուղեկցվել, եթե չհաշվենք ոստիկանների ընդհարումը ակցիայի մի քանի մասնակիցների հետ, ովքեր ցանկանում էին իրենց հետ Ուկրաինայի դրոշներ անցկացնել։
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին ռուսական եռագույնը, «Սոլիդառնոստ» շարժման, «Պարնաս» եւ «Պրոգրես» կուսակցությունների դրոշները եւ Նեմցովի ցիտատներով պաստառներ։ Երթի մեջտեղում ակտիվիստները, փաստաբաններ Նիկոլայ Պոլոզովի եւ Մարկ Ֆեյգինի հետ միասին, պարզել էին «Դադարեցրեք ճնշումները Ղրիմում։ Ազատություն ուկրաինացի քաղբանտարկյալներին» բովանդակությամբ պաստառներ։ Մի քանի մասնակիցներ եկել էին ընդդեմ՝ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պաստառներով. «Սիրիան երկրորդ Աֆղանստանն է»։ Բայց պաստառների մեծամասնությունը նվիրված էր ընդդիմադիր ավանդական թեմաներին՝ «Ռուսաստանն առանց Պուտինի», «Ազատություն քաղբանտարկյալներին»։
Երթը գլխավորում էին հայտնի ընդդիմադիրներ Միխայիլ Կասյանովը, Գենադի Գուդկովը, Էմիլյա Սլաբունովան, Սերգեյ Միտրոխինը, Գրիգորի Յավլինսկին,Ալեքսեյ Նավալնին։ Կազմակերպիչները բոլորին բաժանում էին ռուսաստանի դրոշներ եւ կրծքանշաններ՝ «Նեմցով կամուրջ» մակագրությամբ։ Երթի հիմնական նպատակներից մեկը,– ինչպես նշել է կազմկոմիտեի անդամներից Իլյա Յաշինը,– հասնել Նեմցովի սպանության գործով ավելի լուրջ հետաքննության։ Յաշինը համոզված է, որ գործով պետք է հարցաքննվեն ՌԴ ներքին գործերի «Սեվեր» գումարտակի հրամանատարի տեղակալ Ռուսլան Գերեմեեւը, հրամանատար Ալիբեկ Դելիմխանովը եւ նրա եղբայրը՝ պետդումայի դեպուտատ Ադամ Դելմիխանովը։ «Ռամզան Կադիրովը նույնպես պետք է հարցաքննվի»,– հայտարարել է Յաշինը,– «պետք է ստուգել նրա կապերը Կրեմլում, մասնավորապես պետք է հարցաքննվեն Ռոսգվարդիայի ղեկավար Զոլոտովը եւ Վլադիսլավ Սուրկովը (ավելի վաղ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը՝ ներքին քաղաքականության գծով, այժմ Սուրկովը ղեկավարում է ԱՊՀ մասով նախագահի վարչությունը), իսկ հնարավոր է նաեւ Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»։
Երթը պետք է մեկնարկեր 14:00-ին, բայց 14:15 շարասյունը դեռ տեղում էր։ «Մեր ձեռքից վերցրել են «Պուտինը պատերազմ է» պաստառը,– բացատրեց մասնակիցներից մեկը,– «մինչեւ չվերադարձնեն, չենք շարժվի»։ Ինչին ի պատասխան ամբոխը սկսեց վանկարկել՝ «Պուտինը պատերազմ է։ Ռուսաստանն առանց Պուտինի»։ Սակայն շուտով նրանք լռեցին, երբ անհայտ մեկը Կասյանովի վրա «ադամանդե կանաչ» –ի (զելյոնկա) լուծույթ լցրեց։ Ոստիկանները բռնել են անհայտ անձին եւ երթը մեկնարկել է։