Էրդողանը վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներին, հայտարարել է, որ Էրդողանն իրավունք չունի բարոյականության դասեր տալ Իսրայելին, որն «ընդամենը պաշտպանվում է պաղեստինյան «Համաս» շարժումից»։
Ինչպես գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը, Նեթանյահուն նաև շեշտել է, որ Էրդողանն, անշուշտ, լավ գիտի, թե ինչ է նշանակում ահաբեկչություն ու կոտորածներ իրականացնել։
«Անկասկած, Էրդողանը լավ գիտի, թե ինչ բան է ահաբեկչությունն ու կոտորածը։ Ես խորհուրդ կտայի նրան մեզ բարոյականության դասեր չտալ։ Մարդ, ով հազարավոր թուրք զինվորների է ուղարկում Կիպրոս՝ այնտեղի օկուպացիային աջակցելու համար, մարդ, ով ներխուժում է Սիրիա, իրավունք չունի մեզ դասեր տալու, այն դեպքում, երբ մենք ընդամենը պաշտպանվում ենք «Համաս»-ից։ Էրդողանը, ում ձեռքերը թաթախված են Սիրիայում և Թուրքիայում ապրող բազմաթիվ քրդերի արյան մեջ, վերջին մարդն է, ով կարող է բարոյախոսության քարոզներ կարդալ»,-ասել է Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։
Մայիսի 14-ին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։