Եթե խորհուրդ եք ուզում լսել՝ մի հետաձգեք
Քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար, առաջարկում եմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,-գրել է նա:
Իհարկե, Արայիկ Հարությունյանի մղումն ազնիվ է, բայց եթե մինչեւ վերջ ազնիվ եւ անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, որ քննությունները մեկ շաբաթով հետաձգելը ոչ միայն չի վերականգնի բացը, որը եղել է ոչ թե մեկ շաբաթում, այլ մեկ տարում, քանի որ պետք է արմատապես փոխել ուսուցման համակարգը:
Քննությունը չպետք է հետաձգել, դա որեւէ մեկին որեւէ օգուտ չի տալու, պարզապես դժգոհելու են դպրոցականները՝ իրենցից խլած ամառային արձակուրդի օրերի համար:
Ավելի լավ է կենտրոնանաք մյուս ուստարուց ուսուցման ձեւերն ու եղանակը, ավագ դպրոցի նկատմամբ վերաբերմունքը փոխելու վրա:
Եւ ամենակարեւորը, մի լսեք ուսուցիչներին, քանի որ նրանք արդեն կարդացել են ձեր առաջարկը, հասկացել, որ դուք, կարծես, կողմ եք, որ քննությունները հետաձգվեն մեկ շաբաթով, եւ ձեզ քծնելու եւ լավ ուսուցիչ երեւալու համար պաշտպանելու են ձեր առաջարկը, անգամ կարող է առավել համարձակներն առաջարկեն քննությունները հետաձգել ութ օրով:
Եթե իրոք կարծիք եք ուզում լսել, ապա մի կորցրեք այդ մեկ շաբաթը, այն որեւէ մեկին որեւէ օգուտ չի տալու: Մեկ շաբաթ հետաձգումը միայն ձեւական բնութ է կրելու:
Top-News.am