Չոր, բայց խոսուն թվեր
Երբ Կարեն Կարապետյանը Հայաստանի տնտեսության համար բավական դժվար փուլում ստանձնեց վարչապետի պաշտոնը, հենց Ազգային ժողովում հայտարարեց, որ տնտեսության վիճակը շատ ծանր է: Այսօր այդ հայտարարությունը մոռացել են շատերը:
Իրոք, տնտեսության վիճակը ոչ թե ծանր էր այլ ահավոր: Միայն այն, որ այն պահին, երբ Կարապետյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, կարկառուն ՀՀԿ-ականների ջանքերով տնտեսական աճը զրոյական էր:
Իսկ հետո Կարեն Կարապետյանը եւ նրա թիմը կարողացան փոխել իրավիճակը, այնպես փոխել, որ արդեն 2018-ին սպասվում էր առնվազն հինգ տոկոսանոց աճը, որը լինելու էր արդյունավետության, գոյություն ունեցող կապիտալների, մարդկային ռեսուրսի աճի, մասնավորի հաշվին:
Իսկ ամենակարեւորն այն էր, որ 2018-ին ծրագրվում էր անել քայլեր, որոնք հաջորդ տարիների աճին էին միտված: Վստահաբար կարելի է ասել, որ եթե կառավարությունը կարողանար իրականացնել ծրագրերը՝ բիզնես միջավայրի փոփոխություն, տեղական ներդրողների աշխուժացում, այն կբերեր արտաքին ներդրողին, ապա մենք հնարավորինս լավ բազա կստեղծեինք 2019թ. համար:
Անդրադառնանք եւս մի քանի ցուցանիշների, որոնք ունեցանք Կարեն Կարապետյանի ջանքերի շնորհիվ: Այսպես, ձեռնարկությունների գրանցմամբ մենք 15-րդ երկիրն ենք, սեփականության գրանցմամբ՝ 13-րդը:
Մեր թույլ կետերն են դատական համակարգը, սնանկացման ինստիտուտները բանկերում վարկերի տրամադրման գործընթացը: Կառավարությունը շատ հստակ ծրագրեր ուներ նաեւ այս ոլորտների համար: Ծրագրվում էր միջգերատեսչական հանձնաժողով ստեղծել, որտեղ բոլոր ատյաններից մասնակիցները լինելու էին ղեկավարի տեղակալից ոչ պակաս եւ իրենց անձնական պատասխանատվությամբ:
Իսկ որ թեթեւացել է հարկային եւ սահմանային ընթացակարգերը, ԱԱՀ-ն վերադարձել է, լիցենզիաների տրամադրումը հեշտացել է, շատերը մոռացել են կամ չեն էլ նկատել:
Այս ժամանակահատվածում մենք նաեւ ցուցաբերել ենք որոշակի առաջընթաց միջազգային ռեյտինգներում՝ Global Competitiveness Report-ում 79-ից բարձրացել ենք 73-րդ տեղը, Economic Freedom Index-ում՝ 54-ից 33-րդ տեղը:
Սա է իրականությունը, որն այս թոհ ու բոհի մեջ այսօր չի նկատվում:
Գեւորգ Հայրապետյան