Բրիտանական օֆշորներում ռուսաստանցիների կողմից պահվող միջոցների ընդհանուր ծավալը 47 մլրդ դոլար է կազմում
Բրիտանական օֆշորներում՝ Վիրջինյան եւ Կայմանյան կղզիներում ռուսաստանցիների կողմից պահվող միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 34 մլրդ ֆունտ ստերլինգ (47 մլրդ դոլար)։ Այս մասին հայտնել է The Sunday Times շաբաթաթերթը՝ վկայակոչելով երկրում կոռուպցիայի եւ բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարող Global Witness ոչ կառավարական կազմակերպության նյութերը։
Պարբերականը նշում է, որ միայն 30 միլիարդ ֆունտը պահվում է Վիրջինյան կղզիներում։ Ընդհանուր առմամբ՝ վերջին տասնամյակներում Ռուսաստանից բրիտանական տարածք է անցել 110 մլրդ ֆունտ ստերլինգ, ըստ Global Witness–ի։ Սա նշանակում է, որ Բրիտանիան դարձել է ռուսական օֆշորային ներդրումների համար կարեւորությամբ երկրորդ ուղղությունը, Բրիտանիային գերազանցում է միայն Կիպրոսը։
Նշենք, որ Սկրիպալի թունավորման գործի առնչությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է սառեցնել ռուսական օլիգարխների միջոցները։