Երբ կրքերը հանդարտվեն եւ բոլորը սթափվեն
Հիմա, երբ կրքերը թեժացած են, երբ երկիրը կառավարվում է փողոցի կողմից, երբ բանականությունը տեղը զիջել է հույզերին, եւ շատերին թվում է, թե վաղն իրենք կոմունալ վարձավճարները չեն մուծելու կամ գազի համար ավելի քիչ են մուծելու, շատ դժվար է անդրադառնալ լուրջ եւ կարեւոր հարցերի:
Այսուհանդերձ, փորձենք մի դիտարկում անել: Եթե ոչ այսօր, ապա վաղն այն հաստատ պետք է լինելու: Հիմա ընթանում ա համատարած սեւացման քաղաքականություն: Ամեն ինչ վատ է, շատ վատ է: Այս միտքն է գերիշխողը:
Իսկ իրականությունը թաքնված է երկու ծայրահեղությունների արանքում: Կարեն Կարապետյանը վարչապետության ոչ այնքան երկար ժամանակահատվածում, բավական բարդ ժամանակահատվածում կարողացավ էական տեղաշարժերի հասնել: Միայն այն, որ մաքսային եւ հարկային ոլորտում հսկայական տեղաշարժեր արձանագրվեցին, մեծ ձեռքբերում է:
Իսկ մի՞թե մոռացանք արդեն, որ 2017-ին Հայաստանում գրանցվել է 7,5% տնտեսական աճ։ Ընդ որում՝ ամենամեծ աճը գրանցվել է 4-րդ եռամսյակում՝ 11,2%: 2016-ին գրանցվել էր 0,2% տնտեսական աճ։
Սկսած 2015-ից՝ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվարկում է համաձայն «Ազգային հաշիվների համակարգ 2008» (ԱՀՀ 2008) միջազգային ստանդարտի, որով էլ վերահաշվարկվել են 2012-2014-ի ցուցանիշները։ Մինչ այդ եղած ցուցանիշները համադրելի չեն վերջիններիս հետ։
2017-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1,873 մլն դրամ կամ 3 880 դոլար։ Դոլարային արտահայտությամբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նախորդ տարվա նկատմամբ աճել է 10%-ով։
ՀՆԱ-ն 2017-ին կազմել է 5,58 տրլն դրամ։
2017-ի պետական բյուջեի հիմքում դրված էր 3,2% տնտեսական աճի կանխատեսումը, իսկ արդեն 2018-ի բյուջեով նախատեսվում է 4,3% տնտեսական աճ։
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում 2017-ի համար կանխատեսել էր 3,5% տնտեսական աճ։
Սա պարզապես արձանագրում ենք: Արձանագրում ենք եւ ոչ քննարկում սկսում, քանի որ այսօր դեռ ճանապարհներ են փակում, դեռ հակառակ տեսակետներ հայտնողներին դավաճան անվանում: Արձանագրում ենք հետագա քննարկումների համար:
Արման Գալստյան