ՀՀԿ-ական պատգամավորը Փաշինյանին հրավիրում է իրենց խմբակցություն՝ հանդիպման
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Facebook-ի իր էջում «Բարձրաձայն մտորումներ «պատգամավորաորս» ակցիայի շուրջ» վերնագրով գրառում է արել, որտեղ նա «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հրավիրում է առանց պաթոսի քննարկել հետագա անելիքները:
«Մայիսի մեկին ընտրելու ենք վարչապետ: Գուցեև այդ ընտրությունը լինելու է պատգամավորական իմ ողջ գործունեության ամենակարևոր քվեարկությունը: Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել: Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից չեմ «չեմ թռնի»:
Հիմա դուք ի՞նչ եք ուզում անել՝ նոր ուրացողնե՞ր եք կերտում: Ախր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից:
Դադարեցրեք, խնդրում եմ, հանրային լոբբինգի անվան տակ անցկացվող այս ահաբեկչությունը՝ առնվազն կին պատգամավորների հանդեպ, պարո՛ն Փաշինյան:
ՀՀԿ ֆրակցիայի անդամները հիմնականում ԱԺ-ում են լինում, դադարեցրեք այն, ինչ արվում է, և Ձեր ոճով՝ «բարձրացրած ձեռքերով» հյուր եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին: Եկե՛ք խոսելու պարզ, մարդկային: Եկե՛ք առանց պաթոսի քննարկենք կարևոր հարցեր պաշտպանության, փոխզիջումային բանակցություններում զիջումների՝ առավելագույնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թե ինչու է անտեսված «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանությունում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նկարագրելիս: Շա՜տ բան կա հասկանալու:
Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո՛ն Փաշինյան, եկեք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը: Եկեք առանց պայմանավորվելու, առանց զգուշացնելու, եկեք առանց վուվուզելների, եկեք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների: Եկե՛ք:
Խաղաղությամբ՝ Սամվել»,-գրել է պատգամավորը: