Հույս ունենք, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի. ՌԴ նախագահի խոսնակ
Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանի իրավիճակին և հուսով են, որ կողմերը հնարավորինս շուտ կկարողանան հասնել համաձայնության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես այլևս ասվածին ավելացնելու բան չունեմ: Մենք շարունակում ենք կարծել, որ դա ներքին գործ է, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները կկարողանան արդեն մոտակա ժամանակներում կարգավորել այդ իրավիճակը և հասնել կոնսենսուսային որոշման: Մենք շատ ուշադիր շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,-ասել է Պեսկովը:
Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում Հայաստանում ներքաղաքաքական կայունության պահպանման և հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի համաձայնության հույս ունեն, ինչպես նաև հույս ունեն, որ մոտ ապագայում պարզ կդառնա այդ երկրում քաղաքական ուժերի բաշխումը:
Հիշեցնենք, որ Պեսկովն ապրիլի 23-ին հայտարարել էր, որ Կրեմլում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները նրա ներքին գործն են համարում:
«Հայաստանը մեր մտերիմ դաշնակիցն է, երկիր, որի հետ զարգանում են ամենասերտ հարաբերությունները, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: Այդ պատճառով, իհարկե, մեզ համար չափազանց կարևոր է այդ երկիրը, այդ պատճառով մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հայտարարել էր, որ տեղին չեն ներքաղաքական խնդիրների լուծման հարցում Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորության առնչությամբ հիպոթետիկ մտորումները: