Մենք ինչի՞ ենք ուզում հասնել՝ դիկտատուրայի՞. Կարեն Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Կարելի է քննադատել, բայց չի կարելի ուլտիմատիվ ասել՝ այս քաղաքական ուժը պետք է չլինի, այլ ուժ պետք է լինի: Այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունը պետք է իշխանության չլինի:
«Ես շատ եմ հարգում քաղաքական կարծիքը մեր քաղաքական գործիչների, առաջնորդների, բայց երբ մենք խոսում ենք քաղաքական մշակույթի, հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, բայց չի կարելի ուլտիմատիվ ասել՝ սա չպիտի լինի, նա պիտի լինի, ո՞վ է դա որոշում, մի տարբերակ դա որոշելու՝ ընտրությունն է»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանի խոսքով, գուցե նրան, որին Նիկոլ Փաշինյանը չի սիրում, մի զանգված կա, որ սիրում է եւ հակառակը. «Հիմա հակառակ կողմն էլ դուրս գա ասի՝ այս կուսակցությունը պետք է վերացնե՞լ, մենք ինչի՞ ենք ուզում հասնել, դիկտատուրայի՞ ենք ուզում հասնել, ուզում ենք թելադրանքի՞ գնալ: Պետք է ընտրություն անել ու հասկանալ՝ մեր զանգվածը ում է ուզում»:
Վարչապետի պաշտոնակատարը կարծիք հայտնեց, որ հաջորդ ընտրություններն էլ ունենալու թերություններ:
«Ոչ թե կանխավ եմ դա ասում, որ ինչ-որ բան արդարացնեմ, ոչ, բայց մենք պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, պրոբլեմները, կրթվածության, կախվածության մակարդակը, բոլոր այն ցավերը եւ հիվանդությունները, որ մեր հասարակությունն ունի, դա տեղափոխվում է նաեւ քաղաքական կուսակցություններ, եւ այդ հիվանդություննները առկա են բոլոր քաղաքական կուսակցություններում, այդ թվում մեր քաղաքական թիմում»:
NEWS.am-ի մյուս հարցին, թե ըստ մամուլի հրապարակումների, Հանրապետական կուսակցությունում առկա են խնդիրներ, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Հանրապետական կուսակցությունում աշխատանքային մթնոլորտ է»: