Դուք ձեր գործին նայեք. Թուրքիայի վարչապետի պատասխանը ԵՄ-ի՝ վաղաժամ ընտրությունները հետաձգելու կոչին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, պատասխանելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Թուրքիայում վաղաժամ ընտրությունները հետաձգելու կոչին, հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն իրենց նման կոչեր հղելու իրավունք չունի ու խորհուրդ է տվել «իրենց գործին նայել»: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Իր խոսքում Յըլդրըմը հիշեցրել է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմի մասին, որը Թուրքիայի պահանջով միջազգային հետախուզման մեջ է գտնվում, մինչդեռ եվրոպական երկրները հրաժարվում են նրան Թուրքիային արտահանձնել:
Թուրքիայի վարչապետը վրդովված նշել է, որ ԵԽԽՎ-ն թույլ է տվել քուրդ գործչին ելույթ ունենալ իրենց ամբիոնից: Նշենք, որ Մուսլիմը Թուրքիայում մեղադրվում է մի շարք ահաբեկչական հարձակումների պլանավորման ու կազմակերպման համար:
«ԵԽԽՎ-ն մեզ նման խորհուրդներ տալու փոխարեն թող հազարավոր մարդկանց արյունը թափած ահաբեկչին չբերի իր ամբիոնից խոսեցնի»,-ասել է Յըլդըրըմը:
Յըլդըրըմը վերահաստատել է, որ Թուրքիան հունիսի 24-ին կգնա վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների՝ ԵԽԽՎ-ի կոչին ի պատասխան հայտարարելով. «Դուք ձեր գործին նայեք»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ի կողմից հրապարակված կոչում ընդգծվել է, որ անցյալ տարի անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ անվտանգության նորմերի հետ կապված կասկածներն ու անվավեր քվեաթերթիկների հաշվառման վերաբերյալ հայտարարություններն ապացուցել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ժողովրդավար, արդար ու թափանցիկ ընտրությունների կազմակերպումն իրատեսական չէ: