Զանգվածային անկարգությունների գործով ձերբակալվել է եւս 24 ցուցարար
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների եւ անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 24 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու եւ դրանց մասնակցելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ այսպես, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վերը նշված անձինք, անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից նշված օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող անօրինական հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տեւական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը:
Չնայած ոստիկանության բազմաթիվ իրազեկումներին եւ նախազգուշացումներին` հավաքի մասնակիցները շարունակել են իրենց անօրինական գործողությունները. պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ եւ փողոցներ, խոչընդոտել պետական եւ այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ եւ մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ: Նշված զանգվածային անկարգությունների հետեւանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական եւ գույքային վնասներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը:
ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից 24-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:
Բացի այդ, ձերբակալվածների թվում են նաեւ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երեւան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող եւ անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը եւ Գեւորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու եւ զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
2018թ.-ի ապրիլի 22-ի դրությամբ ձերբակալվածներից երեքն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռեւս կասկածյալի կարգավիճակում են:
Մեղադրյալներից Տ. Մազմանյանի եւ Գ. Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական եւ քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաեւ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած եւ հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: