Սվազիլենդի թագավորը հայտարարել է երկրի անվանումը փոխելու մասին
Սվազիլենդի թագավոր Մսվաթի Երրորդը հայտարարել է երկրի պաշտոնական վերանվանման մասին. այսուհետ երկիրը կկոչվի Իսվաթինի, ինչը տեղի լեզվով նշանակում է՝ «սվազի ժողովրդի երկիր»: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ես կուզեի հայտարարել, որ Սվազիլենդը վերադառնում է իր նախնական անվանը: Անկախության ձեռք բերումից հետո աֆրիկյան երկրները վերադարձել են իրենց հին անվանումներին, որոնք օգտագործել են մինչ գաղութացումը: Այսուհետ մեր երկիրը պաշտոնապես կկոչվի Իսվաթինիի Թագավորություն», - ասել է թագավորը Մանզինի քաղաքում երկրի անկախության 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Ի դեպ, անկախության 50-ամյակը համընկել է թագավորի 50-ամյակի հետ:
Նշենք, որ 1968 թվականին անկախությունից հետո Սվազիլենդը պահպանել է բրիտանական անվանումը: Անվան փոփոխության գաղափարը քննարկվել է երկար տարիներ, քանի որ երկրի իշխանություններն ու ժողովուրդն առավել հաճախ օգտագործում էին հին անվանումը:
2015 թվականին հարցը դրվել է խորհրդարանի քննարկմանը:
Սվազիլենդը Հարավաֆրիկյան Հանրապետության ու Մոզամբիկի միջև գտնվող փոքր երկիր է, որի բնակչությունը շուրջ 1.4 մլն է: