ԱՄՆ-ն կպատժի Թուրքիային Ռուսաստանից զենք գնելու համար
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կաորղ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«Թուրքիայի՝ ռազմական ու քաղաքական առումով Արևմուտքի հետ նույն շարքերում մնալը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից, և մենք հավատում ենք, որ դա շահավետ է նաև Թուրքիայի համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ Թուրքիան պետք է առավել ակտիվ համագործակցի իրենց հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաև կարող է կարևոր գործոն հանդիսանալ տարածաշրջանում Ռուսաստանի ու Իրանի ազդեցության տարածման դեմ:
Միթչելը նաև նշել է, որ սիրիական Աֆրինում Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնություններն ԱՄՆ-ի համար մտահոգիչ են:
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նաև զգուշացրել է, որ C-400-ի մատակարարման դեպքում չի բացառվում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման սցենարը:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, խոսելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման մասին, նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է այլընտրանքային տարբերակ առաջարկել Թուրքիային:
2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիային արժեցել է ավելի քան 2 մլրդ դոլար: