Սիրիային ուղղված հրթիռային հարվածների հասցրած վնասներն արբանյակային լուսանկարներով (լուսանկարներ)
CNN-ի տրամադրության տակ հայտնված արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղված հրթիռային հարվածների վնասները:
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը շաբաթ հրապարակել է հրթիռների երեք սիրիական թիրախների քարտեզը: CNN-ը տրամադրել է այդ քարտեզը երկու արբանյակային լուսանկարահանմամբ զբաղվող ընկերությունների, որոնցից ստացված լուսանկարները ցույց են տալիս ենթադրաբար Սիրիայի քիմիական զենքերի ծրագրին ներգրավված օբյեկտներին օդային հարվածների հասցրած վնասները:
Պենտագոնի խոսնակ Դանա Վայթը հայտնել է լրագրողներին, որ «հարվածները խոցել են բոլոր թիրախները», մինչդեռ Ռուսաստանը հայտարարել է, որ սիրիական օդային պաշտպանության համակարգերը որսացել են արձակված 103 հրթիռից 71-ը: Չնայած Ռուսաստանը հայտնել է, որ մի շարք սիրիական ռազմական աերոդրոմներ, արդյունաբերական կենտրոններ և հետազոտական օբյեկտներ են խոցվել, Սիրիան դրա հետ չի համաձայնվում:
Մասնավորապես՝ սիրիական պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ որսացել են Հոմսի ուղղությամբ արձակված հրթիռները, և դրանք որևէ վնաս չեն հասցրել:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լույս ապրիլի 14-ին Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։
Նշվում է, որ հարվածները հասցվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի 2 նավերից՝ Կարմիր ծովի կողմից, Միջերկրական ծովի օդային տարածքում գտնվող մարտավարական ավիացիայից, ինչպես նաև ամերիկյան ռազմավարական B-1B ռմբակոծիչներից՝ Էթ Թանֆ շրջանից։