Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին մեղադրել է Ասադին հովանավորելու համար
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հովանավորելը չի կարող արդարացվել եւ կոչ է արել նրա վրա ճնշում գործադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի կողմից Բաշար Ասադին պաշտպանելն ու հովանավորելը չի կարող արդարացվել: Ես չեմ կարողանում բացատրել, թե դա ինչպես կարող էր նման մակարդակի հասնել, այն դեպքում, երբ Ասադի կազմակերպած բռնությունը սահմաններ չի ճանաչում: Սա իրականության բացասումն է, որը արդեն առաջին անգամ չէ, որ երեւան է գալիս»,- ասել է նա Journal du Dimanche պարբերականի հետ հարցազրույցում:
Լե Դրիանը նշել է, որ «հիմա պետք է հույս ունենալ, որ սիրիական սպառազինությանը համատեղ հարվածներից հետո Ռուսաստանը կհասկանա, որ անհրաժեշտ է ջանքերը միավորել քաղաքական գործընթացի առաջմղման համաևր, որը Սիրիային թույլ կտա ճգնաժամից դուրս գալ»:
Ֆրանսիացի նախարարի կարծիքով՝ նա, ով այս գործընթացն արգելափակում է, անձամբ Ասադն է:
«Եվ Ռուսաստանը նրա վրա պետք է ճնշում գործադրի: Պետք է սկսել հրադադարից, որն այս անգամ իսկապես կպահպանվի՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի պահանջների համաձայն»,- շեշտել է Լե Դրիանը:
Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը: