ԵՄ-ն տեղյակ է եղել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածների մասին
ԵՄ-ն տեղյակ է եղել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածների մասին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում:
Հայտարարության համաձայն՝ այդ միջոցների միակ նպատակը «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի հետագա կիրառումը կանխարգելելն էր»:
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է քիմիական զենքի օգտագործման կանխարգելմանն ուղղված բոլոր ջանքերը:
ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, մասնավորապես՝ Ռուսաստանին եւ Իրանին օգտագործել իրենց ազդեցությունը՝ Սիրիայի վարչակազմի կողմից քիմիական զենքի հետագա օգտագործումը կանխելու համար, եւ աջակցություն է հայտնում քիմիական զենքի օգտագործման անպատժելիության դեմ միջազգային համագործակցությանը:
ԵՄ-ն հաստատում է, որ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա:
Նշվում է, որ Սիրիայի հարցով բրյուսելյան համաժողովը, որը կայանալու է ապրիլի 24-25-ը ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի համատեղ նախագահությամբ, միջազգային հանրությանը հնարավորություն կտա վերսկսել հետեւողական աջակցության ցուցաբերումը քաղաքական կարգավորման գործընթացին։