Իրանը դատապարտում է, իսկ Թուրքիան ողջունում
Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ արևմտյան երկրների հարձակումն ու պնդել, թե դրա հետևանքների համար պատասխանատու է լինելու Վաշինգտոնը:
«Այս հարձակումից հետո իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի կբարդանա, և անկասկած, դրա պատասխանատուն կլինի ԱՄՆ֊ը», ֊ «Ֆարս» լրատվական գործակալությանն ասել է Իրանի Հեղափոխության պահապանների գվարդիայի փոխնախագահ Յադոլլահ Ջավանին։
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին էլ հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում հանցագործ է որակել Նահանգներին ու արևմտյան կոալիցիային:
Իսկ ահա Թուրքիան ողջունել է Արեւմուտքի գործողությունները: «Մեր համոզմամբ, Նահանգների և դաշնակիցների կողմից իրականացված քայլերը համարժեք են ստեղծված իրադրությանը», ֊ ասել է արտգործնախարարության պաշտոնյան:
Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամի ընթացքում Անկարան աջակցում է նախագահ Ասադի ընդդիմադիր ուժերին: