Ադրբեջանում ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդները կանչվել են ԱԳՆ
Ադրբեջանում ապրիլի 11-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների մասին բարձրաձայնած միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները կանչվել են երկրի ԱԳՆ։ Նրանց բողոք է փոխանցվել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
«Մենք ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունների պատրաստած նախնական զեկույցն արդար և օբյեկտիվ չենք համարում»,- ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ դիտորդական առաքելությունների նախնական զեկույցում ընտրությունների դիտորդության վերաբերյալ «մեթոդաբանական և տեխնիկական մոտեցմանը գերակայում են սուբյեկտիվ հայտարարությունները և կանխակալ քաղաքական հայացքները»: Նա նշել է, որ հայտարարություններն այն մասին, թե ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակված քաղաքական միջավայրում, անհիմն են:
Ավելի վաղ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը և ԵԽԽՎ-ն հրապարակել են նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների գործունեության մասին նախնական եզրակացությունը:
ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ: Նա նաև հայտնել է, որ դիտորդները մի շարք խախտումներ են գրանցել:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի մի շարք ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ խոչընդոտել են իրենց աշխատանքը:
Բոլոր ընտրատեղամասերի տվյալների հաշվարկի արդյունքներով՝ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթանակ է տարել ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 86,03 տոկոսը:
Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը և «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը նշել է, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ: