Ադրբեջանի ընդդիմությունը նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում
Ադրբեջանի ընդդիմությունը չի ճանաչում նախօրեին կայացած երկրի նախագահական ընտրությունների արդյունքները, հայտնում է contact.az-ը:
Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտավորություններին եւ երկրի Սահմանադրությանը: Դրանք չեն արտահայտում Ադրբեջանի ժողովրդի կամքը, ոչ լեգիտիմ են, եւ Ազգային խորհուրդը չի ճանաչում ընտրությունների արդյունքները:
Ազգային խորհրդի տվյալներով՝ ընտրություններն անցկացվել են ազգային ընտրական օրենսդրության, միջազգային ստանդարտների կոպիտ խախտումների, հիմնարար իրավունքների ու ազատությունների սահմանափակման մթնոլորտում:
Նշվում է նաեւ բանտերում քաղաքացիական ակտիվիստներին պահելու, քաղաքացիական հասարակության լիակատար մեկուսացման մասին:
Ազգային խորհրդի կարծիքով՝ երկրում վերացված են ընտրությունների ինստիտուտները, չկա արդար դատական համակարգ: Իրականում ընտրություններին մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը: Ընտրությունների օրը շարունակվել են նախորդ ընտրությունների կեղծումները, «կարուսելներ» են կազմակերպվել, որոշ անձինք մի քանի անգամ են քվեարկել: Շատ տեղամասերում նկատվել է քվեաթերթիկների լցոնում:
Ազգային խորհուրդը վերջում պահանջել է ժողովրդի ընտրական իրավունքի վերականգնում եւ հայտարարել, որ երկրում կշարունակի ազատ, արդար ընտրությունների համար պայքարը:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը նախագահական ընտրությունները բոյկոտում էր: