Որոշել ենք որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Կարեն Կարապետյան
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը ունեցած հանդիպմանը, պատասխանել նաեւ ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին եւ ներկայացրել իր տեսակետը:
Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում եւ արդյոք անդրադարձ կատարել եք սպասվող փոփոխություններին, մասնավորապես, ապագա վարչապետի թեկնածության հարցին:
Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք եւ ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, եւ քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել եւ նաեւ հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք:
Այո, անդրադարձել ենք նաեւ վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջեւ կանգնած մարտահրավերների եւ խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը եւ վերջնական ձեւավորումը չափազանց կարեւոր խնդիր է: Ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Որովհետեւ, կրկնում եմ, չափազանց կարեւոր է սահուն, արդյունավետ եւ ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am