Հրեշներ փնտրել պետք չէ, մեր դաշինքում ստվերներ չկան. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)
Միայն մամուլն է փորձում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ստվերներ փնտրել, դաշինքում ստվերային դերակատարություն ոչ ոք չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը։ Նա ասաց, որ Սամվել Բաբայանի գործոնով պայմանավորված պառակտումներ դաշինքում չկան, Վարդան Օսկանյանի հեռանալու մասին տեղեկությունները ևս իրականությանը չեն համապատասխանում։
«Սամվել Բաբայանի ազդեցությունը դաշինքի վրա այնքան է, որքանով որ Սամվել Բաբայանը կա, բայց ինքը կողմ չէ...ցուցակը համաձայնեցված է եղել երկու կուսակցությունների նախագահների և Սեյրան Օհանյանի հետ, մի փոքր մասնակցություն ես ևս ունեցել եմ։ Չակերտավոր դեմոններ, հրեշներ սարքել պետք չէ, առավել ևս հարգարժան մարդու անուն եք ասում, ով Արցախի ազատագրման և բանակի ստեղծման գործում անչափ մեծ լումա ունի»,-շեշտեց Արմեն Մարտիրոսյանը։
Անդրադառնալով հարցին, թե դաշինքը վարկանիշի առումով ինչ խնդիր կունենա, եթե ինչպես մամուլում է շրջանառվում, պաշտպանության նախկին նախարար, դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի, Արմեն Մարտիրոսյանը ասաց.
«Միանշանակ կարող եմ ասել, որ ցանկացած դեպքում իշխանության կողմից ցանկացած ապօրինի գործողություն կազդի և՛ ընտրությունների, և՛ միջազգային կառույցների գնահատականների վրա, դրա համար չեմ կարծում, որ մամուլում այդպիսի տեղեկատվություն տարածելուց բացի, այլ քայլերի կդիմի»։
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Ժառանգություն» կուսակցությունից կարծես թե միայն ինքը շահեց ընտրական այս գործընթացներում, քանի որ Զարուհի Փոստանջյանը ի վերջո լքեց կուսակցությունը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյան էլ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում զբաղեցնում է 11-րդ տեղը, Արմեն Մարտիրոսյանը ասաց, որ շահելու խնդիր չկա։
«Տիկին Փոստանջյանը , եթե ցանկանար ևս ցուցակում կլիներ, ընդ որում՝առաջին կին թեկնածուն և վերջապես հո մենք չենք եկել մանդատակռիվ անենք, եթե ինչ-որ մեկը այլ խնդիրներ է լուծում, ես չգիտեմ , կոնկրետ իմ պարագայում ես բացառապես փոփոխություն եմ ցանկանում։ Այդ մանդատը ես ունեցել եմ և այդ մանդատի հաշվին ես ո՛չ հարստացել եմ, ո՛չ հավելյալ մի լումա եմ ունեցել։ Այդ մանդատի կիրառման ժամանակ ես բացառապես կորցրել եմ նաև առողջություն, իմ ցանկությունը երկիրը փոխելն է»,-շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։