Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները չեն ազդի Թրամփի եւ Պուտինի հանդիպման վրա
Ապրիլի 6-ին Միացյալ Նահանգների կողմից հայտարարված պատժամիջոցները չեն ազդի երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքների վրա։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը։
Սանդերսը ճեպազրույցը սկսել է այն միջոցառումների թվարկմամբ, որոնք ԱՄՆ վարչակազմը նախաձեռնել էր նախօրեին Ռուսաստանի դեմ. «Մենք դրական հարաբերություններ ենք ցանկանում ռուսական կառավարության հետ, սակայն դրա համար նրանց վարքագիծը կտրուկ փոփոխություն պետք է կրի»,–շեշտել է նա։
Խոսելով երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին՝ Սանդերսը նշել է, որ շարունակում են նախապատրաստական աշխատանքները.«Ինչպես նշել է նախագահը, Ռուսաստանի հետ ցանկանում է ունենալ լավ հարաբերություններ, բայց դա կախված կլինի այն գործողություններից, որոնք կձեռնարկի Ռուսաստանը։ Այդ ընթացքում նախագահը կոշտ դիրքորոշում է ընդունել, քանի դեռ մենք փոփոխություններ չենք տեսել»,–հայտնել է նա։
Լրագորղներից մեկի հարցին, թե արդյոք պատժամիջոցները նշանակում են հարաբերությունների սրում, որը անհրաժշետ կլինի թուլացնել հանդիպումից առաջ՝ Սանդերսն հայտնել է. «Ես կարծում եմ, որ սա նպատակի մի մասն է, որ երկու երկրների առաջնորդները նստեն եւ երկխոսություն վարեն ըստ էության, որ հարաբերությունները զարգացնեն եւ Ռուսաստանին ստիպենք փոխել իր վարքագիծը»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am