Պեսկովն ասել է՝ որն է Պուտինի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նոր նախագահական ժամկետում ցանկանում է զարգացնել հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ ներքին խնդիրների վրա նախագահի քաղաքականության շեշտադրումը չի հանգեցնի աշխարհից Ռուսաստանի մեկուսացման աճի:
Նրա խոսքով՝ Պուտինի պատկերացմամբ՝ արտաքին քաղաքականությունում հիմնական նպատակը ներքին խնդիրների իրականացման համար հարմարավետ միջավայրի ապահովումն է: Այդ պատճառով նախագահին հարկավոր է դիվանագիտության աջակցությունը, նշել է նա:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ և պատրաստվում է նվազեցնել ռազմական ծախսերը:
Ըստ նախնական տվյալների՝ մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Պուտինը հավաքել է 76,68% ձայն։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Պուտինի գրանցած արդյունքը «ռեկորդային» է անվանել։