Սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ. Գ. Սուրենյանը կոչ է անում զգոնություն ցուցաբերել
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրահաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ ենք անում ցուցաբերել հնարավորինս զգոնություն»,-գրել է պաշտոնյան։