Ինչու է ՕՊԵԿ-ին ձեռնտու Ադրբեջանի անդամակցությունը
ՕՊԵԿ-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) և Ադրբեջանը բանակցություններ են վարում կազմակերպությանը երկրի միանալու վերաբերյալ, հայտնում է The Wall Street Journal-ը:
ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 10 երկրի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, ձեռքբերված համաձայնությունը, որով կրճատվել է նավթի արդյունահանումը և աճել են նավթի գները, ավարտվում է այս տարի, և կազմակերպության որոշ պաշտոնյաներ մտահոգված են, որ այն չի երկարաձգվի:
Այդ պատճառով, ինչպես նշում են վերլուծաբանները, ՕՊԵԿ-ը ճանապարհներ է փնտրում իր իշխանությունն ընդլայնելու համար: Կառույցը վերջին տարիներին արդեն երկու անդամ է ավելացրել՝ իր անդամների թիվը հասցնելով 14-ի: Այժմ, ինչպես հայտնել է ՕՊԵԿ-ի պաշտոնյան, կազմակերպությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ:
ԱՄՆ-ից, Կանադայից և Ռուսաստանից ստացվող նավթի ծավալների ֆոնին համաշխարհային նավթի շուկայում ՕՊԵԿ-ի մասնաբաժինը 1970-ականներին գրանցված 55 տոկոսից նվազել է մինչև 40 տոկոս:
Չնայած նրան, որ Ադրբեջանը խոշոր նավթ արդյունահանող երկիր չէ, երկրի անդամակցությունը նաև կնպաստի նավթի արդյունահանման ծավալները կրճատելու հարցում առանցքային դեր ունեցած Ռուսաստանի հետ ՕՊԵԿ-ի հարաբերություններին: