Ոստիկանական մեքենայում կին են բռնաբարել
Թուրքիայում բռնաբարության մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել 27–ամյա ոստիկան Ս.Է.–ն։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ 2018–ի հունվարի 5–ի ուշ երեկոյան Փ.Թ. անունով կինը Ստամբուլի Բեյլիքդուզու թաղամասում ոտքով տուն է գնացել, երբ ոստիկանական մեքենան նրա կողքն է կանգնել։ Այնուհետ մեքենան վարող ոստիկանը առաջարկել է մեքենայով տուն տանել, քանի որ գիշերով քայլելը վտանգավոր է։ Կինը մի փոքր համառելուց հետո նստել է մեքենան։ Սակայն 2 ոստիկանները կնոջը տուն տանելու փոխարեն տարել են ամայի տարածք, որտեղ Ս.Է.–ն բռնաբարել է կնոջը։
Այնուհետ կնոջը թողել են փողոցում եւ հեռացել։ Դեպքից անմիջապես հետո կինը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել ոստիկանական մեքենայի համարները։
Դատարանում ոստիկանը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ պնդելով, թե ամեն ինչ փոխադարձ համաձայնությամբ է եղել։
Դատախազությունը Ս.Է.–ի համար պահանջում է 12–ից 18 տարվա ազատազրկում։