Մեծ Բրիտանիայից արտաքսվող ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները հեռացել են Լոնդոնում ՌԴ դեսպանատնից
Մեծ Բրիտանիայից արտաքսվող ռուս դիվանագետներն ու նրանց ընտանիքները դուրս են եկել Լոնդոնում ՌԴ դեսպանատնից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի քան տասնյակ մեքենաներից և միկրոավտոբուսներից բաղկացած ավտոշարասյունն ուղղվել է օդանավակայան:
Հաղորդվում է, որ Լոնդոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն ժամանելու է օդանավակայան՝ հեռացող դիվանագետներին անձամբ հրաժեշտ տալու համար: Ընդհանուր առմամբ, երկրից հեռանում է 23 ռուս դիվանագետ: Ընտանիքների հետ միասին Միացյալ Թագավորությունից հեռանում է մոտ 80 մարդ:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Օրեր անց նա հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ թունավորման գործի առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին:
Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ 66-ամյա ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում: