Դպրոցների տնօրենները ընտրական քարոզչության համար կպատժվեն, ընտրակաշառքի միջնորդները քրեական պատիժ կկրեն
Կառավարությունն առաջարկում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ բացառել պետբյուջեի ֆինանսական ռեսուրսի օգտագործումը՝ քարոզչություն իրականացնելու ժամանակ: Գործող ԸՕ-ն նման արգելք նախատեսում է հանրային ծառայողների համար, այն էլ այն դեպքում, երբ հանրային ծառայողը թեկնածու է: Հիմա արգելվում է միայն քարոզչություն իրականացնելը՝ որոշակի սուբյեկտների, այդ թվում՝ պետական մարմինների համար: Նախատեսվում է սահմանափակումները ընդլայնել եւ արգելել քարոզչությունը ոչ միայն թեկնածուին, այլեւ, օրինակ, բժշկական, կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ իրենց լիազորությունները իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
Արգելվում է ֆինանսական ռեսուրսի օգտագործումը մի շարք անձանց համար՝ դատավորներին, դատախազներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին ՝ անկախ նրանից, թե նրանք ի պաշտոնե են գործում, թե ծառայողական հարաբերություններից դուրս, արգելքը տարածվում է բարեգործական, կրոնական կազմակերպությունների, ընտրական հանձնաժողովների անդամների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների վրա: Այս պահանջները խախտողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության:
Արթուր Հովհաննիսյաննն ասաց, որ բացի այդ, նաեւ քրեորեն պատժելի արարք է դիտվում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը: Քրեականացվում է նաեւ ընտրակաշառքի միջնորդությունը. «Այսօր ընտրակաշառք ստանալու եւ տալու համար կար պատասխանատվություն, բայց դուրս էր մնացել միջնորդության արարքը: Կարեւոր է, որ սա նույնպես սահմանափակվի»: