Ինչպես են ռուս օլիգարխներն իրենց միլիարդները ծախսում Լոնդոնում
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Լոնդոնում ապրող ռուս օլիգարխներին ու նրանց վարած ցոփ ու շվայտ կյանքին՝ նկատելով, որ այդ մարդիկ դարձել են «Լոնդոնի կյանքի անբաժանելի մասը»:
«Այս հազարամյակի սկզբում Լոնդոնում հայտնվեց մեծահարուստների նոր տեսակ, որը կտրուկ տարբերվում էր մյուս տեսակներից: Նրանք թռչում էին մասնավոր օդանավերով, նրանց ընկերակցում էին մոդելները, նրանք շրջապատված էին թիկնազորով: Եվ այդ ամենը տեղի էր ունենում մի երկրում, որտեղ զենք չի կրում անգամ ոստիկանությունը: Նրանց անդաստիարակ վարքն ու առոգանությունը բացահայտում էր ծագումը. նրանք եկել էին շատ ցուրտ տեղից, նրանք օլիգարխներ էին Ռուսաստանից»,-սկսում է հեղինակը՝ նկատելով, որ սկզբում այս մարդիկ ցանկալի անձ չէին Լոնդոնում:
Նա նկատում է, որ ամեն ինչ փոխվեց, երբ օլիգարխները սկսեցին գնել Լոնդոնի և Սարեյի ամենաթանկարժեք անշարժ գույքը, բանկային հաշիվներ բացեցին իրենց ընկերությունների համար, ինչպես նաև ձեռք բերեցին բրիտանական ֆուտբոլային ակումբները:
Արդյունքում ռուս օլիգարխները հաստատվեցին Լոնդոնում՝ ամեն տարի անշարժ գույքի գնման նոր ռեկորդներ սահմանելով, երթևեկելով Mercedes-Maybach մեքենաներով, առևտուր անելով հանրահայտ Harrods-ում ու ընթրելով ամենաթանկարժեք ռեստորաններում:
«Արդեն 20 տարի է, ինչ մեծահարուստների գաղութը հաստատվել է մայրաքաղաքի սրտում ու Լոնդոնի պատմության մեջ նոր ոսկյա ժամանակաշրջան է բացել»,-գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ ռուս օլիգարխների մեջ չկան Մարկ Ցուկերբերգի կամ Սերգեյ Բրինի պես «ինքնաշեն» միլիարդատերեր: Նա նշում է, որ օլիգարխներն ահռելի կարողություն են կուտակել Ռուսաստանի կառավարության հետ գումարային գործարքների, գրոշների դիմաց սեփականաշնորհման սխեմաների իրագործման արդյունքում: Նրանց շարքերում կան այնպիսինները, որոնք ամբողջ կյանքն աշխատել են պետական ընկերություններում ու հետո «հրաշքով» մեծահարուստ դարձել:
Խոսելով Լոնդոնում ակտիվ գործունեություն ծավալող օլիգարխների մասին՝ հեղինակը նշում է Ռոման Աբրամովիչին, Ալիշեր Ուսմանովին, Անդրեյ Յակունինին, Լեոնիդ Բլավատնիկին, Միխայիլ Ֆրիդմանին, Վիկտոր Վեկսելբերգին, որոնցից ամեն մեկը մութ գործարքների պատճառով խնդիրներ է ունեցել օրենքի ներկայացուցիչների հետ:
«Ռուսաստանից եկած օլիգարխների մուտքը Լոնդոն ողջունվում է, քանի որ նրանք այստեղ մշտական բնակություն չեն հաստատում, իրենց բիզնեսը պահում են Ռուսաստանում, իսկ Մեծ Բրիտանիայում ունեցած առանձնատներն ու պալատները գրանցում են օֆշորային ընկերությունների անունով: Բացի այդ, նրանք ակտիվ զբաղվում են բարեգործությամբ ու որոշ առումներով ներկայանում են որպես օրինակելի քաղաքացիներ: Նրանք խոշոր նվիրատվություններ են կատարում բարեգործական կազմակերպություններին, հովանավորում են արվեստի հետ առնչություն ունեցող և կրթական ինստիտուտները: Օրինակ՝ Ուսմանովը ներառվել էր 2016թ. Մեծ Բրիտանիայում ամենաառատաձեռն բարեգործների լավագույն 10-յակում: Աբրամովիչը հիվանդ երեխաների շուրջերկրյա ճանապարհորդություններն ապահովող Fulfilling Dreams բարեգործական կազմակերպության խոշորագույն հովանավորն է, իսկ Բլավատնիկը նույնիսկ ասպետի կոչման է արժանացել բարեգործության ոլորտում ծավալած գործունեության համար»,- գրում է հեղինակը:
Նա նշում է նաև, որ այս օլիգարխները շարունակում են սերտ կապի մեջ մնալ Կրեմլի հետ՝ ֆինանսավորելով քարոզչական մեքենաները:
«Սակայն բրիտանական հասարակությունը, հետևելով օլիգարխների վարքին, պետք է մի հետևություն անի. նրանք որևէ արժեք չեն ներկայացնում տնտեսության համար, կամ չեն բարձրացնում հասարակության պատիվը»,-եզրափակում է հեղինակը: