Ադրբեջանն ու Իրանը քննարկում են Կասպից ծովում նավթահանքերի համատեղ մշակման հարցը
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Կասպից ծովում մի շարք նավթահանքերի մշակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Իրանի նավթի հարցերով փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինիան:
«Եթե այդ նախագիծն արդյունքներ տա, դա կլինի շրջադարձային կետ Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցում: Այն կարող է մեծ շահ բերել երկու կողմերին»,- նշել է փոխնախարարը:
Նա հավելել է, որ երկու կողմերը բովանդակալից և կառուցողական բանակցություններ են անցկացրել բարեկամական մթնոլորտում:
«Մենք համաձայնեցրել ենք համաձայնագրերի հիմնական դրույթները, որոնք պետք է ստորագրվեն Բաքվում»,- ասել է Զամանինիան:
Հիշեցնենք, որ մարտի վերջին սպասվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Բաքու, որի շրջանակում նախատեսված է 8 համաձայնագրի ստորագրում։