Մոսկվացին պատրաստ էր հայկական «Կոբրայի» համար վճարել 9 միլիոն ռուբլի
Մոսկվայում գործում է մի յուրահատուկ արհեստանոց, որտեղ հավաքում են համաշխարհային հայտնի բռենդերի սպորտային մեքենաների կլոններ։ Այստեղ աշխատում են հայ վարպետներ, որոնք պատրաստ են գնորդներին ներկայացնել «Բենթլի՝ երեւանյան ձեւով»՝ հավաքված Ռուսաստանում։
Օգտագործելով այլ մեքենաների՝ այդ թվում ժիգուլիների վերափոխված պահեստամասերը, վարպետները ստեղծում են այսպես կոչված «Ֆրանկենշտեյններ»՝ անիվների վրա։
Ռուսական «Մոսկվա–24» հեռուստաալիքը որոշել է փորձ անցկացնել՝ ստուգել, թե որքանով են հայ վարպետները հմուտ իրենց գործում, եւ թե որքանով էլիտար մեքենաների գնորդները կարող են տարբերակել կրկնօրինակը օրիգինալից։
Լեգենդար բրիտանական «Կոբրա» սպորտքարի նմանությամբ՝ հայ վարպետների պատրաստած Կաբրիոլետը բերվել էր ավտոսրահ, որտեղ էլ հենց գրավել էր առաջին գնորդի ուշադրությունը։ Տղամարդը ուսումնասիրել է մեքենան եւ պատրաստ է եղել այն ձեռք բերել նշված գնով՝ 9 միլիոն ռուբլիով՝ չնկատելով «խարդավանքը»։ Այնուհետ նա շատ տխրել է, իմանալով, որ ավտոմեքենան ընդամենը կրկնօրինակ է, սակայն նշել է, որ աշխատանքը իրականացված է «շատ որակով»։