Սքոթլենդ Յարդը հայտնել է ռուս վտարանդի գործարար Նիկոլայ Գլուշկովի մահվան պատճառը
Ռուսաստանից արտաքսված գործարար Նիկոլայ Գլուշկովը, որի մարմինը օրեր առաջ հայտնաբերել էին Լոնդոնի իր տանը, խեղդամահ է եղել:
Ինչպես փոխանցում է The Independent-ը, այս մասին հայտարարել է Սքոթլենդ Յարդը՝ նշելով, որ թունավորման որևէ նշան կամ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի գործին առնչություն ունենալու ապացույց չի հայտնաբերվել:
«Դիահերձումն սկսվել է մարտի 15-ին, որի արդյունքները ստացվել են այսօր: Հաշվետվության մեջ մահվան պատճառը նշվում է պարանոցի սեղմումը», - ասվում է Լոնդոնի ոստիկանության հայտարարության մեջ:
Գործի հետաքննությունը վարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը՝ այն դիտարկելով որպես սպանություն:
2017-ին Գլուշկովը Մոսկվայի դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման 1990-ականներին իր համախոհ Բերեզովսկու հետ «Աերոֆլոտից» գրեթե 123 մլն դոլար յուրացնելու գործով:
Գլուշկովը բնակվում էր Մեծ Բրիտանիայում, որտեղ 2010 թվականին քաղաքական ապաստան էր ստացել: