Դիվանագիտական սկանդալը շարունակվում է. Մոսկվան կարտաքսի բրիտանացի դիվանագետներին
Մոսկվան շուտով ՌԴ-ից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ Մեծ Բրիտանիայի գործողություններին ի պատասխան: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Անպայման»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան պատրաստ է Ռուսաստանից արտաքսել բրիտանացի դիվանագետներին՝ Մեծ Բրիտանիայի գործողություններին ի պատասխան:
Խոսելով ժամկետների մասին՝ Լավրովը հայտարարել է. «Շուտով»:
Ավելի վաղ՝ երեկ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ Անգլիայում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Մեյը նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպան և նրա դուստրը: