Էրդողանը գանգատվել է Թիլերսոնից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բողոքել է, որ պաշտոնից հեռացված ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ աշխատելն իրենց համար բարդ է եղել:
Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Էրդողանը, մասնավորապես, գանգատվել է, որ իրենք չեն կարողացել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները Թիլերսոնի հետ բանակցությունների ժամանակ:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք բազմիցս պատասխան են պահանջել ԱՄՆ-ից, թե ինչու են նրանք զինում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ջոկատներին, սակայն ի պատասխան Թիլերսոնը միայն լռել է:
«Հարգելի Թիլերսոնին հարցրել եմ. «ինչո՞ւ եք սրանց զինում»: Ձայն չկա, կհավատա՞ք, ձայն չկա», - ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի քայլերը Սիրիայի հյուսիսում ուղղված են Թուրքիայի և Իրանի դեմ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ Ռեքս Թիլերսոնը հեռացվել է պետքարտուղարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն առաջադրվել է Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ Մայք Պոմպեոյի թեկնածությունը:
Ավելի ուշ Թիլերսոնը հստակեցրել է, որ պաշտոնապես իր լիազորությունները դադարեցվում են մարտի 31-ից: Նա հայտարարել է, որ կհանձնարարի ժամանակավորապես կատարել իր պարտականություններն ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին: