Ժիրինովսկին մեկնաբանել է նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ Սոբչակի արտասվելը (տեսանյութ)

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից նախագահ թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ քաղաքական գործիչը պետք է պատրաստ լինի կոշտ կանոններին՝ այդկերպ մեկնաբանելով հեռուստաբանավեճի ընթացքում «Քաղաքացիական նախաձեռնությունից» նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի արտասվելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե ռուս քաղաքական գործիչը պատրաստ չէ կոշտ կանոնների, նա ավելի լավ է՝ կարիերա չսկսի»,- ասել է Ժիրինովսկին Telegram-ի իր էջում:
Քաղաքական գործիչը նշել է, որ շատ ավելի հեշտ է հարցեր տալ որպես լրագրող կամ նկարահանվել ժամանցային շոուներում, որովհետև դրանց ժամանակ ոչ մեկ չի վիրավորի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Քսենիա Սոբչակն արտասվել է նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ և հեռացել տաղավարից: Ռուսական «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաբանավեճի ժամանակ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը մյուս թեկնածուներին մեղադրել է իրեն անընդմեջ ընդհատելու և իրենց անհարգալից պահելու համար: