Ինչի վրա է ծախսելու իր միլիարդների մի մասը աշխարհի ամենահարուստ մարդը
Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ ճանաչված Ջեֆ Բեզոսը, որն Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր-ղեկավարն է, պատմել է, թե ինչի վրա է մտադիր ծախսել ահռելի ունեցվածքի մաս կազմող միլիարդավոր դոլարները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բեզոսը, որն ունի 132.1 մլրդ դոլար, ցանկանում է զգալի ներդրումներ անել սովորական մարդկանց համար տիեզերական զբոսաշրջությունն առավել հասանելի դարձնելու ուղղությամբ:
Միլիարդատիրոջ կարծիքով՝ տիեզերք թռչելու երազանք ունեն բազմաթիվ մարդիկ, որոնք, սակայն, համապատասխան ֆինանսական միջոցներից զուրկ են: Ուստի՝ Բեզոսը ցանկանում է իր միլիարդների մի մասը ծախսել դեպի տիեզերք թռչելու անկրկնելի հաճույքի արժեքը հնարավորինս նվազեցնելու համար:
«Տիեզերք թռչելու գինը շատ բարձր է: Այժմ ես Amazon-ի միջոցով փորձում եմ այնպես անել, որ գները զգալի իջեցվեն, ու մենք հնարավորություն ունենանք հետազոտելու Արեգակնային համակարգը»,-ասել է գործարարը:
Հայտնի է, որ Բեզոսն Amazon-ից զատ ունի Blue Origin ընկերությունը, որը մրցում է Իլոն Մասկի SpaceX և Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունների հետ՝ դեպի տիեզերք առաջին կոմերցիոն թռիչքներն իրականացնելու հարցում: