Հայաստանի հետ համաձայնագիրը ցույց է տալիս, որ Արեւելյան գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանի դեմ. ԵՄ պաշտոնյա
ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրված համաձայնագիրը ցույց է տվել, որ ռուսական կողմից ներկայացվող պատմությունը, թե Արեւելյան գործընկերությունն ուղղված է Ռուսաստանի դեմ, ամբողջությամբ հակասում է փաստերին: Այս մասին հայտարարել է հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների քաղաքականության Եվրահանձնաժողովի Գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Կատարինա Մատերնովան:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես ասել է, որ երկրներն ընտրություն կատարելու կարիք չունեն: «Դուք (Հայաստանը) չեք կարող ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մի մասը լինել, սակայն նոր համաձայնագրով մենք ցույց տվեցինք, որ Եվրասիական միության անդամ լինելով՝ դուք դեռեւս կարող եք առեւտրային հարաբերություններ ունենալ, որոնք կարգավորվում են համաձայնագրի այս տեսակով»,- ասաց նա ի պատասխան NEWS.am-ի հարցի:
Խոսելով Արեւելյան գործընկերության նոր ճարտարապետության մասին, որը մարտի 12-ին գործարկվել է Բրյուսելում, Մատերնովան նշեց, որ նոր ճարտարապետությունն վերաբերում է երկրների սատարմանը, իսկ Հայաստանի հետ համաձայնագիրը երկկողմանի համաձայնագիր է եւ ավելի շատ վերաբերում է քաղաքական որոշակի ուղղվածությամբ փոխադարձ առեւտրին: