Թուրքական լոլիկը ռուսաստանյան շուկայում այլևս նախկին լայն սպառումը չունի
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ թուրքական լոլիկը ռուսաստանյան շուկայում այլևս նախկին լայն սպառումը չունի, իսկ թուրքական լոլիկի ներմուծման արգելքի ժամանակահատվածում ռուս սպառողն այլընտրանքը գտել է ի դեմս տեղական արտադրանքի, որն էլ նախընտրում է սպառել այժմ:
Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, Տկաչովը նշել է, որ թեև ներմուծման արգելքի վերացումից հետո ՌԴ-ն Թուրքիայի համար 50.000 տոննա լոլիկի ներմուծման քվոտա է սահմանել՝ մինչ օրս Թուրքիան ներմուծել է միայն 10.000 տոննա: Նախարարի պնդմամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ թուրքական լոլիկն էապես զիջում է իր որակով, և ռուսաստանցիները նախընտրում են տեղական, առավել որակյալ ու գնային առումով մատչելի ապրանքը:
Ռուս պաշտոնյան նաև պնդել է, որ թուրքական լոլիկի ներմուծման արգելքը, որը սահմանվել էր 2016 թվականին, լուրջ հարված է հասցրել Թուրքիայի գյուղատնտեսությանը: