Վրաստանն ամեն բան կանի ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը պահպանելու համար
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասել է, որ Թբիլիսին պատրաստ է անհրաժեշտ քայլերի դիմել Շենգենի գոտու հետ մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված ազատ վիզային ռեժիմը պահպանելու համար:
Այդ հայտարարությամբ Մարգվելաշվիլին հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում տեղի հանդիպումից հետո:
Եվրամիության ներքին գործերի նախարարները մարտի 8-ին մտահոգություն են հայտնել Վրաստանի քաղաքացիների կողմից ազատ վիզային ռեժիմը չարաշահելու կապակցությամբ:
Գերմանիան և Շվեդիան հաղորդել են, որ 2017 թվականի մարտից ի վեր, երբ ուժի մեջ է մտել ազատ վիզային ռեժիմը, Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ ապաստանի դիմումներ են ներկայացրել:
Շվեդիայում վրացիները ապաստանի դիմում ներկայացրած մարդկանց ցանկում առաջին տեղում են:
Շվեդիայի ներքին գործերի նախարար Մորգան Յոհանսոնն ասել է, որ Վրաստանի մեծ թվով քաղաքացիներ անդամակցել են միջազգային քրեական խմբերին, որոնք գողություններ և այլ կարգի հանցագործություններ են կատարում:
Եվրամիության մի անանուն դիվանագետ ասել է, որ Եվրամիության ներքին գործերի կառույցները ցանկանում են առավել սերտ համագործակցել Վրաստանի ոստիկանության հետ:
Եվրամիության պաշտոնյաները Բրյուսելում իրենց մտահոգությունները փոխանցել են Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիին: