ԵԽ պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին ավելի ակտիվ դեր խաղալ ղարաբաղյան կարգավորման հարցում
Եվրախորհրդարանի անդամ Լարս Ադակտուսոնը կոչ է արել ԵՄ-ին ավելի ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ մարդու իրավունքների հարցերում:
Փետրվարի 28-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (EuFoA) կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղը եւ Եվրոպական Միությունը 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով համաժողովի ժամանակ պատգամավորը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում անմիջական մասնակցության անհրաժեշտության մասին: Լարս Ադակտուսոնն ընդգծել է ԵՄ-ի մասնակցության կարեւորությունը ճակատային գծում իրավիճակի մոնիտորինգի համար տեխնիկայի ապահովման գործում, որի ներդրման նախաձեռնությունը մերժվում է Ադրբեջանի կողմից:
Պատգամավորն ընդգծել է, որ շրջափակումը չափազանց բացասական ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի երիտասարդ սերնդի վրա: Օրինակ, երիտասարդները զրկվում են եվրոպական կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունից:
Նշենք, որ միջոցառումներին ավելի քան 200 մարդ է մասնակցել՝ Եվրախորհրդարանի անդամներ, այդ թվում նաեւ` Ֆրանկ Էնգելը, հասարակական կազմակերպությունների, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ: