ԱՄՆ-ում հարսնացուն մոտ 1 ժամ մնացել է վերելակում և ուշացրել իր իսկ հարսանիքը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում հարսը մնացել է հյուրանոցի վերելակում՝ ուշացնելով իր իսկ հարսանիքը: Զվարճալի միջադեպին անդրադարձել է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հյուրանոցի վերելակը խափանվել է, և 32-ամյա Մելիսա ՄքՆամարա Ռոջերը մոտ մի ժամ մնացել է այնտեղ: Որոշ ժամանակ անց հարսնաքույրերը հասկացել են, որ մի բան այն չէ, և ահազանգ են տվել: Երբ կնոջ ուշացման պատճառը հայտնի է դարձել, հարսանեկան արարողության հյուրերը հումորով են մոտեցել իրավիճակին և ամեն կերպ փորձել զվարճացնել նրան:
Նշվում է, որ 17-րդ ու 18-րդ հարկերի արանքում մնացած հարսնացուն, սպասելով փրկարարների օգնությանը, ժամանակը զուր չի վատնել. նա պառկել է ու վայելել շամպայն, որը փոխանցել են իրեն հարկերի արանքում բացված վերելակի դռներից:
«Սկզբի 30 րոպեն ձանձրացա, սակայն հետո դռները բացվեցին, ինձ շամպայն տվեցին, ու ամեն ինչ փոխվեց», - պատմել է հարսնացուն:
Բարեբախտաբար, փրկարարներին հաջողվել է վերելակից հանել Մելիսային. հյուրերը դիմավորել են նրան կոկտեյլներով, և հարսանեկան արարողությունը սկսվել է: