Ուկրաինան միացել է Իլոն Մասկի Hyperloop նախագծին
Ուկրաինայի «Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնը միացել է Ուկրաինայի նորագույն տրանսպորտային տեխնոլոգիաների զարգացման ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությանը և կմասնակցի Hyperloop արագընթաց տրանսպորտային համակարգի ստեղծմանը: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով «Ուկրօբորոնպրոմ»-ը:
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը հայտարարել է Hype.ua տրանսպորտային նորարարությունների կենտրոնի ստեղծման մասին, որը պետք է Դնեպրում ստեղծի առաջին թեստային հարթակը:
«Դեռ չկա վերջնական մոդել, թե ինչպես է ամբողջ աշխարհում գործելու Hyperloop One-ը: Այդ պատճառով մենք ուրախ ենք, որ կմիանանք նախագծին այս փուլում»,- ասել է նա:
Օմելյանը նշել է, որ արդեն այս տարի նախարարությունն ակնկալում է ստանալ նախագծի վերաբերյալ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի գիտական գնահատականը, իսկ 2019 թվականին մտադիր է գործարկել թեստային հարթակ:
Փորձարկման փուլից հետո նախարարությունը կսկսի շինարարությունը:
Նախնական հաշվարկներով՝ ենթակառուցվածքների կառուցումը կարժենա ավելի քան 3 միլիարդ դոլար:
Hyperloop գնացքների գերարագընթաց տրանսպորտային համակարգի նախագիծը ստեղծել է SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը: 2017 թվականի օգոստոսին Hyperloop One ընկերության ինժեներներին հաջողվել է զարգացնել գնացքի մինչև 310 կմ/ժ արագություն: