Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են կարծիքների ազատ արտահայտման նկատմամբ ճնշումները. Amnesty International
Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են կարծիքների ազատ արտահայտման նկատմամբ ճնշումները, մասնավորապես՝ քաղաքական էլիտայի շրջանում լայնամասշտաբ կոռուպցիայի բացահայտումից հետո: Այդ մասին նշում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների հետ կապված վիճակի վերաբերյալ իր ամենամյա 2016/2017 թվականների զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվել է Ադրբեջանի վրա այն բանից հետո, երբ սեպտեմբերին Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրման կենտրոնը թողարկեց զեկույց, որում Ադրբեջանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները մեղադրվեցին փողերի լվացման մասշտաբային միջազգային սխեմայի իրագործման համար: Նշվել է, որ այդ գումարների մի մասը վճարվել է որոշ եվրոպացի քաղաքական գործիչների, որպեսզի նրանք, ի թիվս այլնի, օգնեն բարելավել մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի հեղինակությունը:
Կազմակերպությունը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 11-ին երկու քննադատական բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, երբ տեղեկություններ են հայտնվել, որ ԵԽԽՎ որոշ անդամներ նույնպես գումարներ են ստացել այդ սխեմայով: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հոկտեմբերի 25-ին պատժամիջոցների գործընթաց է նախաձեռնել Ադրբեջանի նկատմամբ՝ ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ազատ արձակման մասին ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու պատճառով: Կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ 2017 թվականի մարտին քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների պատճառով դադարեցվել է Ադրբեջանի մասնակցությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ նավթագազային ոլորտում թափանցիկությանն առնչվող նախաձեռնությանը:
Իրավապաշտպանները փաստել են, որ առաջատար իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարողացել վերսկսել իրենց աշխատանքը: Իշխանությունները վերացրել են մնացած մի քանի քննադատական տրամադրված կազմակերպությունները՝ սահմանափակող օրենքների և հետապնդումների միջոցով: Պետությունը շարունակում է փաստացիորեն վերահսկել բոլոր հիմնական ԶԼՄ-ները: Իրավապաշտպանները նշում են, որ երկրում անցած տարվա ընթացքում արգելափակվել է անկախ լրատվական գործակալությունների հասանելիությունը, իսկ նրանց սեփականատերերը ձերբակալվել են: Երկրի իշխանությունների քննադատների դեմ հարուցվել են քաղաքական շարժառիթ ունեցող գործեր, և նրանք ազատազրկվել են ոչ արդարացի դատավարությունների արդյունքներով: Իշխանությունները շարունակել են անկախ լրագրողների և բլոգերների ձերբակալությունները:
Իրավապաշտպանների խոսքերով՝ Ադրբեջանում իրականացվել է համացանցում քննադատական խոսքերի դեմ արշավ, և չնայած նրան, որ երկրում ազատ են արձակվել մի քանի խղճի կալանավորներ, բռնաճնշումների ընթացքում նրանց տեղը կարճ ժամանակ անց զբաղեցրել են նորերը: Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով՝ քաղաքական շարժառիթներով ազատազրկված է մնում ավելի քան 150 մարդ, և նրանց թիվը շարունակում է աճել:
Իրավապաշտպան կազմակերպությունում նաև նշել են, որ երկրում կամայականորեն ձերբակալվել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ և ենթարկվել են դաժան վերաբերմունքի: Կալանքի տակ կասկածելի մահվան դեպքերն այդպես էլ արդյունավետ հետաքննության չեն արժանացել:
Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են երկիրը լքած ընդդիմադիր հայացքների տեր անձանց նկատմամբ ճնշումները: Նրանցից շատերին անօրինական միջոցներով վերադարձրել են Ադրբեջան, իսկ նրանց բարեկամները ենթարկվել են ճնշումների: Իրավապաշտպանները հիշեցնում են Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլըի դեպքը:
Իրավապաշտպան կազմակերպությունը նաև անդրադարձել է Բելառուսի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վերաբերյալ քննադատական արտահայտություններով էր հանդես եկել համացանցում: Իրավապաշտպանները հիշեցնում են, որ հուլիսին Բաքվում դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ Լեռնային Ղարաբաղ այցելության համար: