ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Աֆրինում ռազմական գործողությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում շարունակվող ռազմական գործողությունը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Պետք է անհապաղ դադարեցնել այդ ռազմական գործողությունները: Որքան շատ զինված բախում, այդքան նվազում է օգնության կարիք ունեցող մարդկանց հասանելիության հնարավորությունը: Աֆրինում կամ Արևելյան Ղուտայում այդ ռազմական գործողությունների պատճառով մարդիկ լքում են իրենց տները, ամեն անցնող օր իր հետ նոր ցավ է բերում», - ասել է Դյուժարիկը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:
Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: