Նիդեռլանդների գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր նախագծերի պատճառով
Թուրքիայում Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեստստրատեն կանչվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ թուրքական կողմն իր դժգոհությունն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիդեռլանդների խորհրդարանում քննարկվելիք 2 նախագծերի առնչությամբ:
Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը պնդել է, թե տվյալ նախագծերը պատրաստվել են հայամետ քաղաքական գործիչների կողմից, որոնք կրում են տեղի հայկական լոբբիի ազդեցությունը:
«1915-ը մեզ համար զգայուն հարց է, այն կապ չունի ո՛չ պատմության, ո՛չ իրավունքի հետ, հետևաբար՝ դրա քաղաքականացումն ու վերանայումը հնարավոր բան չէ: Կոչ ենք անում հոլանդացի քաղաքական գործիչներին վերանայել Թուրքիայի նկատմամբ իրենց կողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև չքաղաքականացնել պատմությունը», - իր խոսքում նշել է Աքսոյը՝ կոչ անելով Նիդեռլանդներին աջակցել Թուրքիայի կողմից դեռևս 2005-ին արված առաջարկին, որը վերաբերում է հարցի վերաբերյալ պատմաբանների և փորձագետների ընդհանուր հանձնաժողովի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդը խորհրդարան է ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նոր նախագիծ: Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդեռլանդների՝ դեռևս 2004 թվականին ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դեպքում նախատեսվում է Նիդեռլանդներից կառավարության ներկայացուցչի մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: