Ավելի հարուստ են այն հասարակությունները, որոնք ունեն լավ զարգացած բարեգործական մշակույթ
Նկատել եմ, որ վերջերս բարեգործական մշակույթի դրսևորումների դեմ, որոշակի «վրաերթ» կա ֆեյսբուքում։ Իհարկե դա արվում է վասն պետության «հիմնավորումներով», բայց դրանից վերջին հաշվով տուժում է նաև բարեգործական մշակույթը։ «Թող պետությունը անի, էսքան հարկ ենք տալիս», ասում են բողոքողները։ Ես դեռ չգիտեմ մի պետություն, որը իր բյուջեյով կարողանում է ծածկել ամեն հանրային կարիք։ Նույնիսկ եթե կարողանում է, ապա խելոք պետությունները առիթ են տալիս բարեգործական դրսևորումներին, քանի որ դա նույնպես համարում են հանրային պատասխանատվության դաշտ, և նաև այդ դաշտում է կայանում երկրի քաղաքացին։
Ամերիկայի ռազմական բյուջեն թույլ է տալիս, որ իր զինվորները թե աշխատավարձ ստանան և թե նորմալ սնվեն, բայց ամերիկայում կան բարեգործական ֆոնդեր որոնք գումար են հավաքում զինվորներին սնունդ առաքելու համար։ Սովետը, որի աշխարհահայացքային -գաղափարա-քաղաքական ընկալումները դեռ շատ հարցերում կենսունական են այսօրվա Հայաստանում բարեգործական մշակույթը գրեթե բացակայում էր։ Անշուշտ կամավոր - պարտադիր դրամահավաքներ Սովետում էլ են եղել օրինակ հանուն Կորեայի որբերի կամ «ամեն ինչ ռազմաճակատի համար»։ Շատերը դրանց մասնակցել են նաև ի սրտե ու կամավոր։
Բարգործական մշակույթի առաջին ոչ ֆորմալ, բայց զանգվածային դրսևորումները Հայաստանում ի հայտ եկավ Ղարաբաղյան շարժման հետ։
Ճիշտ է, որ բարեգործությունը չի կարող փոխարինել պետական կառույցների ֆունկցիաներին, բայց և ճիշտ է հակառակը։ Ինչպես պետական կառույցները պետք է զերծ լինեն կոռուպցիոն դրսևորումներից նույնպես և բարեգործությունը։
Բարեգործը բացի պարտադիր հարկից, տալիս է նաև ի սրտի ուզածը, իր սրտի ուզած ուղղությամբ ինչը որպես հարկատու չի կարող անել։
Եվ վերջում բարգործության ոլորտից իմ փորձառության մասով կիսվեմ։ 2010-16 ֆեյսբուքյան ֆորմատով դրամահավաքներ եմ կազմակերպել հիմնականում սահմանամերձ գյուղերում խաղամարզահրապարակներ կառուցելու համար։ Մոտ 25 խաղահրապարակ է կառուցվել։ Որպես դիտարկում կարող եմ ասել, որ արդյունքում դրանք էս կան էն չափով մղել են տեղական պետական կառույցներին էս կամ էն չափով գործ անել։ Իրենց ուրախ են զգացել թե երեխեքը և թե նվիրատուները։
Սովորաբար ավելի հարուստ են այն հասարակությունները որոնք ունեն լավ զարգացած բարեգործական մշակույթ։ Ասում են «Աստված տվողին է տալիս»։