Ինչու են ազգականները ծեծելով սպանել տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ. 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաեւ՝ տղամարդու եղբոր որդին:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018թ. փետրվարի 17-ին՝ ժամը 22:30-ին, «Քաջարան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ նշված հասցեում հայտնաբերել նույն քաղաքի 1965թ. ծնված բնակչի դիակը՝ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են նաեւ այլ վնասվածքներ` գլխի շրջանում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, տղամարդը ճանաչվել է տուժող: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Սյունիքի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995, 1974 եւ 1984 թվականներին եւ միմյանց հետ գտնվում են ազգակցական կապի մեջ:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչը անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու ազգականի հետ դեպքի օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է տուժողի բնակության վայր: Այնուհետեւ միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել են Կապան քաղաքի ուղղությամբ, որտեղ կանգ են առել եւ վիճաբանել, ինչի ժամանակ էլ 53-ամյա տղամարդն ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ տղամարդուն այնուհետեւ տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ, ստացած մարմնական վնասվածքներից, վերջինս մահացել է:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել: Փետրվարի 19-ին նրանք ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: